Հայաստանի իշխանությունները մտադիր են առավելագույնս օգտագործել Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությունը՝ այն քարոզչական նպատակներով ներառելով իրենց ռազմավարության մեջ։
Հիշեցնենք, որ Փաշինյանի օրոք ստեղծված ծառայությունը, չնշելով կոնկրետ երկրի անունը, հայտնել էր, թե հետախուզական տեղեկություններ է ստանում, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերի աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
Ինչպես հայտնի դարձավ, նախօրեին՝ կառավարության նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել մի քանի ուժայինների և, այսպես կոչված, «սորոսական» կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանը դժգոհություն է արտահայտել, որ միայն մեկ կազմակերպություն է հանրությանը տեղեկացրել այդ հայտարարության մասին, իսկ մյուսները՝ դատախազություն նամակներ հղելով, ակտիվություն են դրսևորել։ Նա կոչ է արել մյուս կազմակերպություններին ակտիվանալ և առաջիկա ամիսներին անխնա շահարկել այդ թեզը՝ հանրության մեջ տպավորություն ստեղծելով իբրև առկա վտանգների մասին։
Այս ֆոնին, Պետեկամուտների կոմիտեն էլ հրապարակել է մի հայտարարություն՝ ուժեղացնելու սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողության մասին։ Ըստ կոմիտեի՝ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է ավելի քան 450 դեպք, երբ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվել է շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցներ, որոնցից շուրջ 59.5 մլն դոլարը ներմուծվել է Հայաստան։ ՊԵԿ-ն նշել է, որ կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է ռիսկեր՝ ստվերային շրջանառության, փողերի լվացման և այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված։
Այս միջոցառումների համադրությունը վկայում է այն մասին, որ իշխանությունները մտադիր են ստեղծել տպավորություն, թե Հայաստանը գտնվում է արտաքին ճնշման և ֆինանսական ռիսկերի տակ, ինչը նպատակ ունի աջակցություն հավաքագրելու և իրենց քաղաքական գործողությունները արդարացնելու համար։