ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերին։
Այս փոփոխությունների հիմնական նպատակն է վերացնել այն պարտադիր պահանջը, որը պահանջում էր ծանուցումները, ինչպես նաև այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը հրապարակել որոշակի տպաքանակ ունեցող մամուլում։
Այս պարտադիր պահանջը կփոխարինվի ավելի արդիական և կիրառելի մեթոդներով։ Օրինագծի համաձայն՝ ապագայում ծանուցումները կկատարվեն հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.azdarar.am-ում, և (կամ) այլ կազմակերպությունների ինտերնետային կայքերում։
Այս կարգավորումների ներդրումը կնպաստի հրապարակման գործընթացի արդիականացմանը՝ փոխարինելով իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումները ժամանակին առավել համահունչ և կիրառելի նորմերով։