Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված մթնոլորտը օր օրի ավելի վտանգավոր ու անհավասար է դառնում։ Երկրում, որտեղ իշխանություններն անընդհատ խոսում են «ժողովրդավարությունից», «ազատ ընտրություններից» և «օրինականությունից», իրականությունը հաճախ հիշեցնում է ընտրովի արդարադատության դասական օրինակ։

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտման մասին մանրամասն ձայնագրություն, որտեղ խոսվում է մարդկանց հանրահավաքի մասնակցել հարկադրելու մասին։ Ձայնագրության բովանդակությունը առաջին հերթին իրավական լուրջ հարցեր է առաջացնում։ Խոսքը վերաբերում է ընտրական գործընթացների վրա հնարավոր ճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման և քաղաքացիների ազատ կամարտահայտման սահմանափակմանը։

Սակայն ամենազարմանալին ոչ թե հենց երևույթն է, այլ դրան հաջորդած լռությունը։ Որևէ քրեական վարույթի մասին տեղեկություն չկա։ Չկա պաշտոնական պարզաբանում։ Չկա իրավապահ մարմինների օպերատիվ արձագանք։ Չկան խուզարկություններ, ցուցադրական բերման ենթարկումներ, անհապաղ հարցաքննություններ կամ կալանքի միջնորդություններ, ինչպես արվում են ընդդիմադիրների նկատմամբ։ Չկա նույնիսկ սովորական այն ակտիվությունը, որը հանրությունը բազմիցս տեսել է ընդդիմադիր գործիչների կամ իշխանության համար ոչ ցանկալի շրջանակների դեպքում։

Այս լռությունը քաղաքականապես չափազանց խոսուն է։ Այն ձևավորում է մեկ պարզ ընկալում՝ Հայաստանում գոյություն ունի ոչ թե հավասար մրցակցություն, այլ իշխանության համար հատուկ իրավական ռեժիմ։ Մի համակարգ, որտեղ նույն գործողությունը կարող է մի դեպքում համարվել ծանր հանցագործություն, իսկ մեկ այլ դեպքում՝ պարզապես անտեսվել։

Հայաստանի հասարակությունն արդեն տեսել է, թե ինչպես են մի քանի ժամվա ընթացքում նախաձեռնվում քրեական վարույթներ, տեղեկատվական արշավներ և քաղաքական պիտակավորումներ կազմակերպվում, երբ անհրաժեշտ է ճնշում գործադրել ընդդիմության վրա։ Այդ ֆոնին ներկայիս լռությունը պարզապես տարօրինակ չէ։

Այս ամենը հատկապես վտանգավոր է ընտրություններից առաջ, որովհետև քայքայում է արդարության ամբողջ համակարգը։ Ի վերջո, ժողովրդավարությունը չափվում է ոչ թե իշխանության ելույթներով, այլ նրանով, որ օրենքը պետք է կիրառվի հավասարապես, առաջին հերթին՝ հենց իշխանության նկատմամբ։ Եթե ընտրություններից առաջ հրապարակված նման աղմկահարույց նյութը չի առաջացնում իրավական հետևանք, ապա հանրությունը իրավունք ունի հարցնելու՝ իսկ ինչպե՞ս են պատկերացնում ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրությունները։